Արմինֆո.Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին կեղծ լուր է որակել այն հաղորդումները, թե, իբր, դեսպանությունը Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններ:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում նման հաղորդագրություն էր հայտնվել՝ հղում անելով Ֆրանսիայի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը:
"2023 թվականի հուլիսի 18-ից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար մեր հանձնարարականները չեն փոխվել", - գրել է ֆրանսիացի դիվանագետը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում:
Նշենք, որ վերջին օրերին իրավիճակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Արցախի շուրջ կտրուկ սրվել է՝ սահմաններին ադրբեջանական զինված ուժերի կենդանի ուժի և տեխնիկայի կենտրոնացման մասին ստացվող հաղորդագրությունների ֆոնին: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, անգամ, չեղարկվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս։
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը ԱԹՍ-ների, ականանետերի և հրաձգային զինատեսակների կիրառմամբ գրոհել է ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է հայկական բանակի երեք զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են: