Արմինֆո. «Մենք մշտապես ուսուցումներ ենք անցկացնում և աշխատում մեր գործընկերների հետ՝ պատրաստականության ապահովման և մեր զինված ուժերի միջև փոխգործակցելիության շարունակական բարելավման նպատակով», - հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը՝ «Ազատության» հարցմանն ի պատասխան:
Արձագանքելով հարցին, թե՝ «արդյոք սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելիք հայ-ամերիկյան զորավարժությունները առաջի՞նն են անկախ Հայաստանի պատմության մեջ, թե էլի են եղել զորավարժություններ՝ ՆԱՏՕ-ի կազմում անցկացված զորավարժությունները չհաշված», դեսպանությունը նաև ընդգծում է. «Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում 2003 թվականից ամուր գործընկերային հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ։ Ամերիկյան և հայկական զորամիավորումները մասնակցել են համատեղ զորավարժությունների Հայաստանում, Միացյալ Նահանգներում և այլ երկրներում, ընդ որում՝ Հայաստանում այդպիսի վարժանքներ են անցկացվել 2003, 2006 և 2008 թվականներին»:
Պաշտոնական Երևանը նախօրեին հաղորդել է սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելիք «Արծիվ գործընկեր 2023» խորագրով հայ-ամերիկյան զորավարժությունների մասին, որոնց կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զորավարժությունները կանցկացվեն միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։ Ռազմական գերատեսչությունը շեշտում է, որ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
Այդուհանդերձ, առաջիկա զորավարժության մասին տեղեկությունը հարուցել է պաշտոնական Մոսկվայի մտահոգությունը: Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով առաջիկա զորավարժություն՝ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ Մոսկվան ելնում է այն բանից, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամները պետք է հավատարիմ մնան իրենց դաշնակիցների հետ զորավարժությունների պրակտիկային: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի մտադրությունը զգուշավորություն է առաջացնում: