Արմինֆո.ՀՖՖ-ն և IDBank-ը կշարունակեն համագործակցությունը ևս 1 տարով: Այդ կապակցությամբ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հյուրընկալել էր IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանին:
Վերջինս արդեն իսկ ստացված է համարում ՀՖՖ-ի հետ համագործակցությունը: «Դրա ապացույցը նաև մեր տղաների հաղթանակներն են, որոնք, հուսով ենք, շարունակական կլինեն, համենայնդեպս ես սրտանց մաղթում եմ, որ այդպես լինի։ Ուրախ եմ փաստել, որ համագործակցության պայմանագիրը երկարաձգվել է ևս մեկ տարով, ավելին՝ Հայաստանի Պրեմիեր լիգան կրում է IDBank Պրեմիեր լիգա անունը, ինչը մեզ համար անչափ ուրախալի է։ Հուսով ենք, որ IDBank-ի և ՀՖՖ-ի միջև այս համագործակցությունը ևս կնպաստի բնակչության էլ ավելի լայն զանգվածներում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության աճին և միջազգային ասպարեզում հայկական ֆուտբոլի ճանաչելիության բարձրացմանը», - նշեց Մհեր Աբրահամյանը:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շեշտեց վստահելի ու կայուն գործընկեր ունենալու կարևորությունը: «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան անչափ ուրախ է IDBank-ի հետ համագործակցության շարունակականության և նոր հորիզոններ բացելու առումով: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակելու է դինամիկ զարգանալ: Շատ կարևորում ենք այն փաստը, որ նոր գործընկերոջ հետ համագործակցությունը սկսելուց հետո Հայաստանի հավաքականը բավականին հաջող մրցելույթներ է ունենում: Հույս ունենք, որ այդ մրցելույթները կշարունակվեն և մեր ֆուտբոլիստները երկրպագուներին նոր ուրախալի րոպեներ կպարգևեն», - իր խոսքը եզրափակեց ՀՖՖ նախագահը: