Արմինֆո.Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն "Զանգեզուրի միջանցքի" վերաբերյալ ունի "պլան Բ", որը ենթադրում է, որ նախագիծը կարող է իրականացվել առանց Հայաստանի մասնակցության, եթե Երեւանը շարունակի իրեն ոչ կառուցողական պահել:
"Ինչ-որ պահի զգացողություն է առաջանում, որ մենք մոտ ենք Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքների ավարտին, երբ հանկարծ վերջին պահին Հայաստանն անսպասելիորեն ինչ-որ նոր բան է առաջ քաշում, որը գործընթացը կրկին փակուղի է տանում։ Դա կառուցողական չէ, բացի այդ, դա նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան կետի խախտում է, որով Հայաստանը պարտավորություն է ստանձնել երաշխավորել բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անարգել երթևեկությունը",
- ասել է Բայրամովը «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալությանը և Magyar Demokrata պարբերականին հարցազրույցում, որը նա տվել է Հունգարիա կատարած այցի շրջանակներում:
Ադրբեջանի ԱԳ նախարարի ասելով, նման մոտեցումը կարող է հանգեցնել այն բանին, որ Երեւանը բաց կթողնի երկրի տնտեսությունը շտկելու եւս մեկ շահավետ հնարավորություն, քանի որ"ճանապարհը կարող է, պարզապես, շրջանցել Հայաստանը": "Իսկ Ադրբեջանն այդ ուղղությամբ կշարունակի աշխատանքը ՝ ունենալով "պլան Բ"։ Եվ նրա համար նախագիծը կիրականացվի, նույնիսկ, առանց Հայաստանի մասնակցության, բայց այդ դեպքում այն, ուղղակի, դուրս կգա շահառուների շարքից", - ընդգծել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Բայրամովն ընդգծել է, որ Զանգեզուրի միջանցքը Արևելք - Արևմուտք տրանսպորտային միջանցքի տարրերից մեկն է։ "Փորձագետները գնահատել են, որ Զանգեզուրի միջանցքը կարող էր միջին միջանցքին ավելացնել լրացուցիչ 5-8 մլն տոննա կարգո։ Դա մեծ օգուտ է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև այլ երկրների համար", - հավելել է նա։
Նշենք, որ նախորդ տարի Իրանի և Ադրբեջանի միջև հուշագիր էր ստորագրվել Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթգծի կառուցման վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանցի նախարարը "Բ պլանի" մասին խոսելիս նկատի է ունեցել այդ հուշագիրը։
Հիշեցնենք, որ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով գործում է եռակողմ աշխատանքային խումբ ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ: