Արմինֆո. Պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար, այլ ոչ թե՝ մեղավորներ փնտրել։ Այդ մասին սեպտեմբերի 5 - ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե անվտանգության առումով հանրապետության կախվածությունը միայն մեկ կենտրոնից ռազմավարական սխալ էր։
Զախարովան նշել է, որ Հայաստանի վարչապետը վերջին օրերին շատ բան է ասել, բայց, ամեն դեպքում, պետք է պատասխան տալ սեփական արարքների համար, այլ ոչ թե՝ մեղավորներ փնտրել՝ անընդհատ և ամեն առիթով: <Սա է տարբերությունը քաղաքական գործչի, պետական գործչի և իր երկրի ազգային շահերի մասին չմտածող մարդու միջև: Հակառակ դեպքում՝ դա մի քիչ նման է վատ պարողի մասին պատմությանը", - հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա ասելով, ռուսական կողմը Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, պրոֆիլային այլ գերատեսչությունների գծով մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ գործընկերների հետ ՝ քայլեր ձեռնարկելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այս հարցը մանրամասն քննարկել է անցյալ շաբաթ Երևան կատարած այցի ընթացքում, այս օրերին նա գտնվում է Բաքվում, որտեղ նախատեսված են նրա խորհրդատվություններն ադրբեջանցի գործընկերների հետ: "Մենք գործում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հունով, հանդես ենք գալիս տարածաշրջան անարգել մուտքի օգտին՝ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Աղդամով երթուղիներով։ Կոչ ենք անում խուսափել այս հարցի անհարկի քաղաքականացումից", - ասել Է Զախարովան, հավելելով, թե, ի տարբերություն ռուսական կողմի գործողությունների, ԵՄ գործողությունները չեն հանգեցնում իրավիճակի կարգավորման։ Զախարովան նշել է, որ Երևանի կողմից Ռուսաստանին մեղադրելու փորձերի ի հայտ եկող քաղաքական հռետորաբանությունն անընդունելի է, քանի որ հարվածում է այն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն: "Անհրաժեշտ է անել հնարավորը իրավիճակը բարելավելու եւ մարդկանց տառապանքները նվազագույնի հասցնելու համար", - ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Պատասխանելով Հռոմի ստատուտի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը երկրի խորհրդարան ուղարկելու Հայաստանի իշխանությունների մտադրության մասին հարցին՝ Զախարովան նշել է, որ Մոսկվան արդեն պարզաբանում է խնդրել Երեւանից այդ կապակցությամբ: "Կորոշենք մեր հետագա քայլերը՝ ելնելով հայկական կողմի պատասխանի բովանդակությունից", - ասել է ռուս դիվանագետը: