Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական La Repubblica թերթի հարցազրույցում, մեկնաբանելով քաղաքական այն իրավիճակը, որը Ռուսաստանին հետ է պահում միջամտելուց, որպեսզի 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հարգվի, որով Ռուսաստանը պետք է վերահսկեր Լաչինի միջանցքով տեղաշարժը։
«Ես չեմ կարող գնահատական տալ այդ առումով, բացի համաձայնվելուց այն ձևակերպման հետ, որ, ըստ էության, այո, ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը: Եվ սա լուրջ մտահոգության առիթ է: Եվ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հիմնական նպատակներից մեկը հենց քաղաքացիական հասարակության, քաղաքացիական բնակչության անվտանգությունն է: Տվյալ դեպքում անվտանգությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը, չի ապահովվում, և դա իսկապես մտահոգիչ փաստ է», - ասել է վարչապետը:
Անդրադառնալով Ռուսաստանի չմիջամտելու և իր ՀԱՊԿ պարտավորությունները չկատարելու պահվածքը մեկնաբանելու խնդրանքին, քանի որ, համաձայն ՀԱՊԿ կանոնադրության, Ռուսաստանը պետք է միջամտեր, եթե Հայաստանը հարձակման ենթարկվեր մեկ այլ պետության կողմից, ինչը վերջին տարիներին տեղի է ունեցել, և դեռևս Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ օկուպացիայի տակ են Ադրբեջանի կողմից, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես առնվազն կարող եմ ասել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի գործունակության և պայմանագրունակության առումով Ձեր նկարագրած իրավիճակը խոսում է ճգնաժամի մասին: Եվ դա չեմ կարծում, թե միայն Հայաստանի խնդիրն է, դա հենց ամբողջությամբ Հավաքական անվտանգության կազմակերպության խնդիրն է:
Ինչ վերաբերում է բացատրություններին՝ դրանք ամենատարբեր կարող են լինել, բայց ես չեմ կարծում գոնե մեր տեսակետից բացատրությունները կարևոր չեն, և այն, որ այդ առումով Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործելակերպի վերաբերյալ, կարծում եմ՝ ակնհայտ է: Նաև սա է պատճառը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2022 թվականի աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց, չմիացավ մի շարք փաստաթղթերի, և քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդ դեպքում որոշում չընդունվեց»: