Արմինֆո. ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ուղերձներ են հղել Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Ռոբերտ Քոչարյանի ուղերձում ասված է․«Սիրելի արցախցիներ, քույրեր և եղբայրներ, Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Այսօր, ինչպես 32 տարի առաջ, կրկին այն հանգրվանին ենք, երբ ողջ հայության ամուր կամքն ու մեկ նպատակի շուրջ համախմբվածությունն է միակ ճանապարհը, որը կպահպանի Արցախի անկախությունը»։
Սերժ Սարգսյանի ուղերձում ասվում է. «Միջազգային բոլոր նորմերին համապատասխան՝ ամուր կռվաններ ունեցող Արցախի անկախությունն այսօր ենթարկվում է անասելի ծանր փորձության. արդեն ութ ամիս շրջափակման մեջ գտնվող և բազում զրկանքներ կրող Արցախն արժանապատվորեն դիմակայում է՝ քաջ գիտակցելով, որ պայքարն անկախության համար այսօր էլ նույն նպատակն ունի, ինչ 32 տարի առաջ, և ագրեսոր ու ցեղասպան թշնամին էլ նույնն է, ինչ երեք տասնամյակ առաջ:
Ելքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է, և չափազանց ծանր, բայց ոչ անհուսալի այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական ջանքերով Հայրենիքի արժանապատիվ պաշտպանությունը՝ զուգահեռ պատշաճ աշխատանք իրականացնելով դիվանագիտական ճակատում:
Անկախության պայքարի ճանապարհին անտարբերությունը, հուսահատությունը, հարմարվողականությունն ու թուլամորթությունը չեն կարող ընկեր լինել: Վճռականություն, արիություն, կամք ու պատվախնդրություն՝ ահա պայքարի անդավաճան ընկերները, որոնց պետք է ապավինել»: