Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է ձգձգված հակամարտության կարգավորման համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցին ի պատասխան։
"Մենք կարդացել ենք մարտական բախումների մասին հաղորդագրությունները և անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Մենք հետևողականորեն հայտարարել ենք, որ այս վաղեմի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, իսկ վեճերի լուծման համար ուժի կիրառումն անընդունելի է։ Միացյալ Նահանգները նախկինի պես հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ եւ բարգավաճ ապագային աջակցությանը", - հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի զինված ուժերը զանգվածային հարձակում են ձեռնարկել ՀՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների վրա ՝ ԱԹՍ-ների, ականանետերի և հրաձգային զինատեսակների կիրառմամբ: Հարձակումը հետ մղելիս զոհվել է երեք հայ զինվոր, երկուսը վիրավորվել են ։