Արմինֆո. Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո», - ասվում է հաղորդագրությունում:
Մինչդեռ, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն արդեն հայտնել է թշնամու սադրանքի հետևանքով զոհված երկու անձանց անունները: «Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը:
Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին: Ուժ ու տոկունություն Ձեզ», - գրել է Համբարձումյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նշենք, որ սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից թշնամու ուժերը կրակի տակ են պահում ՀՀ ԶՈՒ դիրքերը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ և անօդաչու թռչող սարք։ Ժամը 13:50-ից կրակի ինտենսիվությունը, ըստ ՀՀ ՊՆ-ի, սկսել է նվազել, սակայն, թշնամին սահմանի մոտ կենդանի ուժ և տեխնիկա են կուտակում: