Արմինֆո. Հայաստանում առաջին անգամ արբանյակային տվիչ է տեղադրվել քարարծվի վրա, ինչը թույլ է տալիս ուսումնասիրել նրա տեղաշարժը, վարքագծային առանձնահատկությունները։ Այդ մասին ասվում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի հաղորդագրությունում։
Աղբյուրի համաձայն, վերջերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին զանգ էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի հարակից հատվածներում հյուծված, երիտասարդ քարարծիվ են գտել։ Տեսչական մարմնի աշխատակիցները քարարծվին տեղափոխել էին «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ, որտեղ նա ստանում է համապատասխան խնամք։ «Մեր մասնագետները քարարծվի վրա հաջողությամբ տեղադրել են արբանյակային տվիչ, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու չուն, լոկալ տեղաշարժերը, վարքագծային առանձնահատկությունները, տեսակների էկոլոգիային և կենսաբանությանը վերաբերվող այլ հետաքրքիր փաստեր, վեր հանել սպառնացող վտանգների մի մասը, օրինակ՝ թռչնի համար վտանգավոր էլեկտրասյուներն ու լարերը և այլն»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ թռչունը մի քանի օրից բաց կթողնվի վայրի բնություն։
Բոլոր աշխատանքներն իրականացվել են Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։ Նշենք, որ քարարծիվը գրանցված է Բնության և բնական պաշարների պահպանության միջազգային միության՝ IUCN-ի պահպանվող տեսակների միջազգային ցուցակում