Արմինֆո. Հայաստանի ու Արցախի շուրջ լարված միջավայրի պայմաններում, առաջնագծի տարբեր հատվածներ շարունակելու են լարվածության բարձր ռիսկայնության պայմաններում լինել: Նման տեսակետ ունի ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Հայաստանի սահմաններում տեղի ունեցող իրադարձություններն ուղիղ կապվածություն ունեն Արցախում տիրող իրավիճակի հետ և հակառակը: Եվ անկախ այն հանգամանքից, որ ՀՀ իշխանությունը փորձում է ամեն գնով իրեն օտարել Արցախի հետ կապված հարցերից, միևնույն է հենց միայն անվտանգային տեսանկյունից, Հայաստանն ու Արցախը միևնույն համակարգում են և նրանցից յուրաքանչյուրի դեմ հարվածը խոցելիություն է ապահովում և´ Հայաստանի, և´ Արցախի համար: Ըստ այդմ` առանց Արցախ չկա Հայաստան և առանց Հայաստան չի կարող լինել Արցախ», - գրել է խորհրդարանականը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նա հավելել է, որ ստեղծված ծանր իրադրության պայմաններում Արցախի ցանկացած իշխանություն իր առաջ ունի մի քանի առանցքային խնդիր.
առաջին, ճգնաժամային կառավարման միջոցով ռեսուրսների առավելագույն արդարացի բաշխում և ըստ առաջնահերթությունների կիրառում;
երկրորդ, Արցախում ստեղծված ծանր հոգեբանական իրադրությունը առավել ակտուալ է դարձնում հասարակության հետ անկեղծ և բաց երկխոսության ծավալումը;
երրորդ, 0 հանդուրժողականություն երկիրը քաոսի տանելու փորձ կատարողների ու առհասարակ հանցագործությունների նկատմամբ: Երկաթյա կարգապահության ապահովում ամեն գնով;
չորրորդ, ներքին դասավորություններ, պաշտոններում նշանակումներ և պաշտոնանկություններ ոչ թե ըստ քաղաքական նեղ խմբերի նախընտրությունների, այլ կոմպետենտության և ունակությունների: