
Ժխտողականությունը ցեղասպան միջավայրի սերմանման և հենց բուն սպանդի իրականացման հետ նույն եռանկյունու գագաթներից է: Ցեղասպանության ժխտումը նաև ազգային ատելության նոր ալիքի բարձրացման տարրեր է պարունակում, հաճախ ուղեկցվում է անհանդուրժողականությամբ և իրականացված ցեղասպանությունների արդարացմամբ: Իսկ միջազգային ուժեղացող ճնշման պարագայում ժխտողականությունը ձեռք է բերում ավելի փափուկ, բայց նույնքան վտանգավոր երանգներ կամ տարրալուծվում է պատմության վերաշարադրման արշավներում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով ՙԸնդդեմ ցեղասպանության հանցագործության՚ հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովում: ՙՄիանշանակ է, որ մինչ այժմ միջազգային իրավունքի տեսաբանների և պատմաբանների կողմից զգալի աշխատանք է տարվել «ցեղասպանությունե եզրույթի իրավական ամրագրման, ինչպես նաև այդ հանցագործության պատժի մեխանիզմների մշակման ուղղությամբ: Միանշանակ է նաև, որ վերը նշված ուղղություններով անուրանալի և հաճախ առաջնորդող դերակատարություն են ունեցել հասարակական-քաղաքական շրջանակները, լրագրողները, խորհրդարանականները: Ասվածն ամբողջովին տեղին է նաև Հայոց ցեղասպանության դեպքում: 1915-16թթ. համաշխարհային մամուլը լի էր հայերի զանգվածային կոտորածների մասին պատմող ահասարսուռ հոդվածներով: 1915թ. ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք Թայմսե թերթը 145 հոդված տպագրեց, որոնց խորագրերից էր՝ «Ջարդերը դադարեցնելու կոչ՝ ուղղված Օսմանյան կայսրությանըե: Թերթի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը բնորոշվեց որպես «համակարգվածե, «լիազորվածե և «կառավարության կողմից կազմակերպվածե:
1915թ. մայիսի 24-ին Դաշնակից պետությունները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ հայության նկատմամբ կատարվածը բնորոշելով որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցանքե, ինչն այս ձևակերպման առաջին ամրագրումն էր նման բարձր մակարդակով:
Հետագայում այս հասկացություններն ընդգրկվեցին այդ ոճրագործության բնորոշման հիմնարար ձևակերպումների շարքում՝ ՄԱԿ-ի ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայում, Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտում և միջազգային իրավունքի այլ կարևորագույն փաստաթղթերում:
Ցեղասպանությունների ու մարդկության դեմ գործված հանցագործությունների կրկնության պատճառներից մեկը նաև այն է, որ միջազգային հանրության հետևողականությունը, միասնականությունն ու վճռականությունը բավարար չափով չի դրսևորվել իրականացված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման, ինչպես նաև ցեղասպան միջավայրի ու ժխտողականության բացառման գործում: Որպես ժողովրդավարական արժեքների հենասյուն-կառույցներ՝ վերը նշված ուղղություններով զգալի դերակատարություն ունեն հատկապես խորհրդարանները և խորհրդարանականները:
Կարևորում եմ այն հանգամանքը, որ օրենսդիրների անգնահատելի դերին նվիրված հատուկ քննարկում է նախատեսվում այս համաժողովի շրջանակներում, քանի որ նրանց ուղերձները, որոշումները և հայտարարություններն էական նշանակություն ունեն ինչպես արդարության վերականգնման, այնպես էլ հասարակություններին ու նրանց ապագա սերունդներին ցեղասպանության չարիքի հետևանքների ճիրաններից ազատելու առումով:
Ողջունում և կարևորում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից այս տարի ընդունած երկու փաստաթղթերը` Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունն ու «Տոների և հիշատակի օրերի մասինե օրենքում կատարված փոփոխությունը, համաձայն որի ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օրը նշվում է դեկտեմբերի 9-ին, ինչը խիստ խորհրդանշական է, քանի որ հենց այդ օրն է ընդունվել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասինե կոնվենցիան:
Այս համատեքստում մեր կարևորագույն ուղերձներից մեկն էլ վերածնունդն է: 100 տարի առաջ հայ ժողովուրդը վերապրեց իր պատմության ամենամութ և դաժան էջը: Արհավիրքը, որ բաժին ընկավ մեր նախնիներին, իրոք աննախադեպ էր իր մասշտաբներով, սակայն այսօր, 100 տարի անց, ոգեկոչելով իր զոհերին՝ հայ ժողովուրդը համայն աշխարհին ներկայանում է անկախ պետությամբ, ազատ Արցախով, հայապահպանության և հանուն Հայաստանի զարգացման արժեքներով ապրող կենսունակ սփյուռքով՝ համամարդկային քաղաքակրթության զարգացման մեջ նոր ներդրումներ ունենալու ձգտումով:
Այս ամենի հիմքը հայ ժողովրդի վերածնունդն է: Թերևս հենց այստեղ դրսևորվեց մեր ժողովրդի ամենագլխավոր հատկությունը՝ չնայած բոլոր դժվարություններին և դժբախտություններին, համամարդկային արժեքների հանդեպ հավատը պահպանելու, իր մեջ կառուցելու և արարելու ուժ գտնելու ունակությունը: Արդեն 1918թ. վերականգնվեց դարեր առաջ կորսված հայկական պետականությունը: Այնուհետև, խորհրդային ժամանակներում հայ ժողովուրդը ստեղծեց հոգևոր և նյութական բազում արժեքներ՝ մասնակցելով համաշխարհային գիտական և մշակութային շտեմարանի հարստացմանը: Հայ ժողովրդի վերածննդի գագաթնակետը 1991 թվականի համազգային զարթոնքն էր, Հայաստանի նորանկախ Հանրապետության անդամակցությունը ինքնիշխան պետությունների համաշխարհային ընտանիքին:
Հայ ժողովուրդը վերածնունդ ապրեց ոչ միայն իր հայրենիքում, այլև Սփյուռքում: Հայոց ցեղասպանության հետևանքով աշխարհի տարբեր երկրներում ապաստան գտած հայորդիները հաջողությամբ ինտեգրվեցին իրենց ընդունած հասարակություններում՝ միևնույն ժամանակ պահպանելով հայկական ինքնությունը և Հայաստանի հետ խոր կապի գիտակցումը:
Ուստի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մենք բաց ճակատով ենք և վստահաբար հայտարարում ենք, որ այն, ինչին ցանկանում էին հասնել Հայոց ցեղասպանության կազմակերպիչները, չի հաջողվել: Ավելին, հայ ժողովրդին ոչնչացնելու փորձին մեր պատասխանը պետականության կառուցումն է, մեր վերածնունդն է, որն այսօր այլևս անշրջելի է:
Եզրափակելով խոսքս՝ ընդգծեմ, որ այսօրվա համաժողովը քննարկումներին զուգահեռ պետք է հզոր գործնական ուղերձ հղի միջազգային հանրությանն առ այն, որ ցեղասպանությունները բնավ չեն դադարել սպառնալիք հանդիսանալ մարդկության համար, որ դրանց հետևանքների հաղթահարումն ու կանխարգելումը պետք է դառնա կարևորագույն առաջնահերթություն: Անցյալի դասերը մեզ պարզապես պարտավորեցնում են դա անել: Քաղաքակիրթ մարդկությունը պետք է մեկտեղի իր ջանքերը՝ վերջնականապես արմատախիլ անելու ցեղասպանության չարիքը և այն ծնող հանգամանքները՚,- ասել է Սերժ Սարգսյանը: