Արմինֆո.Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել՝ ֆրանսիական կողմից Կոռնիձոր մարդասիրական բեռ ուղարկելու առնչությամբ՝ պաշարված Արցախի բնակչությանը փոխանցելու համար:
Ադրբեջանի ԱԳՆ-ում դժգոհություն են հայտնել ֆրանսիացի պաշտոնյաների, այդ թվում ՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգայի Հայաստանում արած հայտարարությունների կապակցությամբ:
"Ընդգծվել է, որ ֆրանսիական կողմի այս քայլերը ոչ միայն ուղղակի միջամտություն են Ադրբեջանի ներքին գործերին, այլև ոտնձգություն են միջազգային իրավունքով պաշտպանված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ։ Սա նաև վերջին օրերին ակտիվացած քայլերի հերթական օրինակն է ՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը և Ֆրանսիայի կողմից Հայաստանին խրախուսելուն ՝ շարունակելու "ռևանշիստական դիրքորոշում" որդեգրել", - հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, մոռանալով, որ իրենք են օկուպացրել Հայաստանի շուրջ 200 քառ.կմ ինքնիշխան տարածքներ և տարածքային նկրտումներ են արտահայտում ՀՀ-ի նկատմամբ ։
"Ֆրանսիական կողմից պահանջվեց դադարեցնել այդ քայլերը, որոնք վտանգում են կարգավորման փխրուն գործընթացը, որին նպաստում են տարածաշրջանում միջազգային դերակատարների ակտիվ ջանքերը", - նշել են ԱՀ ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի պատվիրակությունը՝ Փարիզի քաղաքապետի գլխավորությամբ, Արցախի համար մարդասիրական օգնությամբ 10 բեռնատար է տեղափոխել Կոռնիձոր՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի մուտքի մոտ։ Սակայն ադրբեջանական կողմը, որը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ է պահում Արցախը, թույլ չի տվել, որ ֆուրերն անցնեն Արցախ։ Հավելենք, որ այդ բեռնատարները կանգնել են ՀՀ կառավարության կողմից օգնությամբ բեռնված 20 մեքենաների կողքին, որոնք հուլիսի վերջից կանգնած են Կոռնիձորում, մինչդեռ, Արցախում սովամահ են լինում: