Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են իրավիճակը տարածաշրջանում, Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի և Ստեփանակերտ-Ակնա (Աղդամ) ճանապարհի բացման հարցը:
Ուշադրությունից բաց թողնելով այն փաստը, որ ադրբեջանական իշխանությունները 2022 թվականի դեկտեմբերի 12 - ից փակ են պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապելող միջազգայնորեն ճանաչված միակ երթուղին՝ Քաշաթաղի միջանցքը, Ալիևը վրդովմունք է հայտնել այն առնչությամբ, որ ադրբեջանցիների կողմից պաշարված արցախցիները չեն ցանկանում Ադրբեջանից բեռ ընդունել։ Բայց նա այսքանով չի բավարարվել. միջազգային հանրության թողտվությամբ ոգեւորված Ալիևը դա որակել է "քաղաքական մանիպուլյացիա" Արցախի կողմից։ Նա հավելել է, որ Հայաստանն ու Արցախը հրաժարվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով բեռների տեղափոխման վերաբերյալ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունից: "Բացի այդ, Հայաստանի ղեկավարությունը առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու պետական սահմանի ուղղությամբ, ինչպես ինքն է պնդում, հումանիտար նշանակության բեռներ է հասցրել, որի նպատակը քաղաքական շահարկումն է", - ցինիկաբար հավելել է Ալիևը:
Այնուհետև նա կրկին սկսել է արցախցիների "վերաինտեգրման" մասին երգը, մոռանալով, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և որևէ վերաինտեգրման մասին խոսք լինել չի կարող։ Նա նաև հավաստիացրել է, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո կարող է օգտագործվել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ "Ադրբեջանի մաքսային և սահմանային ռեժիմի կանոնների պահպանմամբ"։ Թեև փորձն արդեն ցույց է տվել, որ հավատալ Ադրբեջանի խոսքերին՝ նշանակում է, մեղմ ասած, սեփական անձը չհարգել։ Արդեն չորրորդ տարին է, ինչ ադրբեջանական գերության մեջ պահվող հարյուրավոր հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք դրա վառ վկայությունն են ։
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան՝ իր կողմից, ևս պատրաստ է իր ներդրումն ունենալ իրավիճակի կայունացման և ստեղծված լարվածության վերացման գործում, առաջարկել է շարունակել շփումները Ֆրանսիայի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև:
Նշենք, որ նախօրեին Մակրոնը խոսել էր նաև Հայաստանի վարչապետի հետ ։ Զրույցի օրակարգում էր նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հավելենք, որ այսօր Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ 10 բեռնատար Երևանից ուղևորվել է դեպի Արցախ: