Արմինֆո.Այսօր լրանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության շուրջ պայմանագրի 26-ամյակը:
Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում հիշեցվում է, որ պայմանագիրը ստորագրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին: "Այդ փաստաթուղթը սկիզբ դրեց մեր երկրների միջպետական կապերի ժամանակակից փուլին։ Մասնավորապես, Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են ամեն կերպ ամրապնդել բարեկամության ավանդական հարաբերությունները և համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում: Մեր երկրները նաեւ պարտավորվել են փոխգործակցել ինչպես անդրկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կայունության եւ անվտանգության բարձրացման գործում", - ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Ընդ որում, ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ պայմանագրի ստորագրումը պայմաններ է ստեղծել ռուս-հայկական քաղաքական երկխոսության ընդլայնման, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման համար: Հետագայում երկու երկրների հարաբերությունների իրավական հիմքն ընդլայնվել է մինչև 200 փաստաթուղթ, համակարգային աշխատանք է տարվում դրանք գույքագրելու ուղղությամբ։
"Արդի փուլում ռուս - հայկական կապերը շարունակում են զարգանալ 1997թ. պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա, որոնց թվում են պետական ինքնիշխանության և անկախության նկատմամբ փոխադարձ հարգանքը, իրավահավասարությունն ու միմյանց ներքին գործերին չմիջամտելը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Այսօր Հայաստանը Ռուսաստանի մերձագույն դաշնակիցներից է, մեր երկրի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում", - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում ։