Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ ՊՆ N զորամասի երկու զինծառայողների մահվան հանգամանքները: Այդ մասին հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:
«2023թ. օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում է նախաքննություն: Նախնական տվյալներով կատարվածը կապված է միջանձնային, ոչ կանոնագրքային հարաբերությունների հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ զինծառայողն ինքնասպան է լինում, ինչպես նշում է ՀՀ Քննչական կոմիտեն, "ոչ կանոնագրքային հարաբերություններին բնորոշ վարքագծի" արդյունքում: Ինչպես վերջերս խոստովանել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ զինված ուժերում թաքնված հանցագործությունների բացահայտման խնդիր կա: Նրա խոսքով՝ երկրի զինված ուժերում հանցագործությունների հիմնական մասը կապված է ոչ կանոնագրքային հարաբերությունների հետ, որոնք ինքնասպանությունների պատճառ են դառնում: