
Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը Երեւանում բացել է «Ընդդեմ ցեղասպանության» միջազգային հասարակաքաղաքական համաժողովը:
Իր ելույթում Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համաժողովի ներկայացուցչական կազմը, հնչած ելույթները, ներկայացված տեսակետները կստանան լայն միջազգային արձագանք:
Նա ընդգծել է, որ վերջին շրջանում միջազգային կազմակերպությունների օրակարգը, փոքր եւ մեծ պետությունների դիվանագիտական ջանքերը, միջազգային մամուլի առաջին էջերը զգալի չափով ուղղված են մարդկության առջեւ ծառացած կարեւորագույն մարտահրավերներից մեկին: Խոսքը ժամանակակից քաղաքակրթության բնօրրանում` Մերձավոր Արեւելքում, ծայրահեղականության եւ անհանդուրժողականության աճի մասին է, որը հանգեցրել է տարբեր փոքրամասնությունների դեմ բռնությունների, որոշ վայրերում՝ նաեւ ցեղասպան դրսեւորումների ի հայտ գալուն: Միջազգային հանրության համար սա հերթական ահազանգն է առ այն, որ ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վտանգն ամենեւին չի վերացել եւ պահանջում է միջազգային կառույցների, պետությունների եւ քաղաքացիական հասարակության համախմբված եւ հետեւողական քայլեր:
Նախագահը նշել է, որ համաժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող կենտրոնական միջոցառումներից է: Ինչպես տեղյակ եք, այդ տարելիցի առթիվ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են ոգեկոչման միջոցառումներ, որոնք հիմնված են չորս առանցքային հենասյուների վրա: Դրանք են՝ հիշողությունը, երախտագիտությունը, կանխարգելումը եւ վերածնունդը», - ասել է նա:
Պետության ղեկավարն ընդգծել է, որ հայերիս համար հիշողությունը բարոյական պարտավորություն է եւ, միաժամանակ, անբաժանելի անհատական եւ կոլեկտիվ իրավունք: «Միաժամանակ հիշողությունը լավագույն միջոցն է ցեղասպանությունն իրականացրածների ժառանգների համար սեփական պատմության հետ առերեսվելու եւ լավագույն հնարավորություն՝ արդարությունը վերականգնելու համար:
Ցեղասպանությունների` Մեծ եղեռնի, Շոայի զոհերի, ինչպես նաեւ Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի եւ այլ ցեղասպանությունների հիշատակի օրերը պետք է ոգեկոչվեն ոչ միայն զոհերի, այլ նաեւ ցեղասպանությունն իրագործածների ժառանգների կողմից: Դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողությունը», - ընդգծել է նախագահը: