Արմինֆո. Օգոստոսի 23-ին ՄԱԿ-ում տեղի է ունեցել քննարկում, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին՝ վայրագության հանցագործությունների ռիսկերի և կանխարգելման մեխանիզմների համատեքստում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների պատվիրակությունների և բազմակողմ հումանիտար համագործակցության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը ներկայացվեց Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսի զեկույցը։
Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը, իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի դիտավորյալ առաջացումը հանցագործություն է, որն արդեն տեղի է ունենում, այդ թվում՝ մի ամբողջ բնակչության սովամահության ենթարկելու միջոցով։ Դեսպան Մարգարյանի կողմից հիշատակվել է, որ օգոստոսի 16-ին Հայաստանի պահանջով գումարված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում Խորհրդի անդամ երկրների մեծամասնության կողմից վերահաստատվել էր Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կատարելու և Լեռնային Ղարաբաղում անարգել հումանիտար մուտք ապահովելու հրամայականը։
Պրոֆեսոր Խուան Մենդեսը պատվիրակություններին ներկայացրել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի մանդատն ու դրա շրջանակներում վստահված գործառույթները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջոցով խնդիրներ ներկայացնելու գործառույթը։ Անրդադառնալով միջազգային հանրության կանխարգելման պարտավորությանը՝ Խուան Մենդեսն ընդգծել է, որ առկա փաստերը բավարար հիմք են հանդիսանում միջազգային հանրությանը վաղաժամ նախազգուշացում տալու համար առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը «լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս կրելու» վտանգներ են սպառնում, ինչպես որ սահմանված է «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածով։
«Վտանգված բնակչությանը պաշտպանելու նպատակով Արդարադատության միջազգային դատարանի կողմից սահմանված միջանկյալ միջոցն անտեսելը նույնքան մտահոգիչ, խիստ ընդգծված ազդանշան է, որքան դատական հետաքննության հետ համագործակցելուց հրաժարվելը», - եզրափակել է պրոֆեսոր Մենդեսը, մատնանշելով, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները չկատարելու Ադրբեջանի որոշումը բավարար հիմք է, որպեսզի գործարկվեն ՄԱԿ-ի վաղ ահազանգման և կանխարգելման կարողությունները:
Զեկույցի ներկայացմանը հաջորդել է քննարկում, որի ընթացքում պրոֆեսոր Մենդեսը և դեսպան Մարգարյանն անդրադարձել են պատվիրակությունների կողմից հնչեցված հարցերին։
Զեկույցի տեքստին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով ՝ https://un.mfa.am/file_manager/un_mission/Preliminary%20Opinion%20-%2023.08.2023.pdf :