Արմինֆո.Արցախյան կողմը մշտապես հանդես է եկել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման դիրքերից։ Այդ մասին հաղորդել են Արցախի ԱԳՆ-ից՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հակված են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և որ առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում։
Արցախի ԱԳՆ-ում կարծում են, որ նման բանակցությունները պետք է ընթանան կողմերի միջև համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա երաշխավորել, որ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համապատասխան։
«Արցախյան կողմը բազմաթիվ անգամ միջնորդների միջոցով հանդես է եկել հանդիպումների մասին նախաձեռնություններով, ադրբեջանական կողմը սակայն մերժել է դրանք:
Հավելենք, որ ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում, առավել ևս առանց միջազգային միջնորդների ներկայության, բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հատկապես հաշվի առնելով ԿԽՄԿ մանդատի ներքո գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը, այն էլ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։
Ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհի հնարավոր բացմանը, ապա ԱՀ նախագահի մամուլի խոսնակն այսօր անդրադարձել է այդ թեմային ", - նշել են ԼՂՀ ԱԳՆ-ում: