Արմինֆո.Օգոստոսի 28-ին Երևանի Անգլիական այգում տեղի կունենա բոսնիացի հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Գորան Բրեգովիչի բացօթյա համերգը՝ Wedding and Funeral Orchestra նվագախմբի նվագակցությամբ:
Համերգի ընթացքում հանդիսատեսին սպասվում են բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ: Գորան Բրեգովիչի երաժշտությունը կհնչի հայկական դուդուկի նվագակցությամբ՝ Կամո Սեյրանյանի կատարմամբ:
Գորան Բրեգովիչը վերջին անգամ Հայաստանում համերգով հանդես է եկել 2018 թվականին: Արտիստի այցը Հայաստան կազմակերպել են Mezzo Production-ը և Hin Areni Vineyards-ը: "Երկար ժամանակ Բրեգովիչը Հայաստանում չի եղել, բայց երաժիշտը միշտ մեծ ուրախությամբ է ընդունում մեր երկրում ելույթ ունենալու հրավերը։ Քանի որ նա սիրահարված է ոչ միայն Հայաստանին, այլև հայկական հյուրընկալությանը , խոհանոցին, ավանդույթներին ու մշակույթին", - նշել է Mezzo Production-ի պրոդյուսեր և հայկական ջազի ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը։
Երաժիշտ և կոմպոզիտոր Բրեգովիչը լայնորեն հայտնի է Արևելյան Եվրոպայի երկրներում՝ Bijelo Dugme ռոք խմբից, ինչպես նաև ողջ աշխարհում՝ որպես ֆիլմերի երաժշտության հեղինակ, որոնց թվում են Էմիր Կուստուրիցայի մի քանի ֆիլմեր: Իրեն համարում է հարավսլավ, պատճառաբանելով, որ իր հայրը խորվաթական ծագում ունի (կաթոլիկ), մայրը՝ սերբական (ուղղափառ), իսկ կինը բոսնիացի է (մահմեդական)։
Առաջին անգամ Բրեգովիչը Հայաստանում հանդես է եկել 2010 թվականին "Ալկոհոլ" ծրագրով՝ "Երևանյան Հեռանկարներ" երաժշտական փառատոնի շրջանակում: