Արմինֆո.Որ այսօր Արցախում վիճակն անասելի ծանր է, այլևս փաստ է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԶՈՒ պահեստազորի գնդապետ, Արցախի Պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սենոր Հասրաթյանը:
«Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար օրվա իշխանությունն ունի երկու ճանապարհ՝ կամ պետք է իր շուրջը համախմբի ռազմաքաղաքական ղեկավարման ծանրակշիռ փորձ ունեցող, բայց այսօր, նույն այդ իշխանության մեղքով, <<խաղից դուրս>> վիճակում հայտնված գործիչներին (անկախ նրանից, թե ինչպես են որոշ գրանտակեր պատահականություններ <<ժողովրդի անունից>> ներկայացնում այդ գործիչներին), կամ, առանց ցնցումների, կառավարման ղեկը թողնել երկրի Ազգային ժողովի կողմից ստեղծվելիք արտակարգ մարմնին (անունը կարևոր չէ) և հեռանալ:
Բացի այդ.
-ծանրակշիռ փորձ ունեցող, բայց <<խաղից դուրս>> վիճակում հայտնված գործիչները, հանուն մեր պետականության գոյության, անկախ իրենց մոտեցումներից, պետք է մի կողմ դնեն նեղանձնական հավակնություններն ու տարաձայնությունները և խփեն մեկ կետի.
-և, որ ավելի կարևոր է, երկրի համար այս ճակատագրական պահին բոլոր ուժային կառույցները, առանց ավելորդ <<ջղաձգումների>>, պետք է իրականացնեն մեկ կարևոր առաքելություն, այն է՝հավատարիմ մնալ կանոնադրությամբ վերապահված իրենց գործառույթներին և սրբորեն պաշտպանել պետության շահը:
Հ.գ.-Թյուր է այն կարծիքը, որ պետությունների համար (հատկապես մեր տիպի) ժողովրդավարությունը եղել է ու կա առավելություն... Այսօր մենք ունենք լրիվությամբ այլ վիճակ...Արցախը պետք է ապրի...», - գրել է Հասրաթյանը: