Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Լոռու գեղատեսիլ մարզում էր, որտեղ այցելել է Սանահին Վանական Համալիր / Sanahin Monastery Complex՝ ծանոթանալու «ԱՄՆ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ համալիրի մի քանի բաղադրիչների պահպանության աշխատանքների ընթացքին։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:
«Սանահինում դեսպանին ողջունեց Ալավերդի համայնքի ղեկավարը։ Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են համալիրի արևելյան հատվածի հուշարձանախմբի՝ Սբ․ Հակոբի մատուռի, Գրիգոր Տուտեոդու խաչքարի և Սբ․ Հարույթուն եկեղեցու պահպանության աշխատանքները, որոնք ղեկավարում է «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան»։ ԱՄՆ դեսպանությունը հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության այս կարևոր հուշարձանների կոնսերվացման հարցում», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ԱՄՆ դեսպանների մշակութային ժառանգության պահպանման հիմնադրամը ստեղծվել է 2001 թվականին ԱՄՆ Պետքդեպարտամենտի կրթության և մշակույթի հարցերի բյուրոյի կողմից ՝ նպատակ ունենալով օգնել երկրներին պահպանել իրենց մշակութային ժառանգությունը և ցույց տալ ԱՄՆ հարգանքը աշխարհի տարբեր մշակույթների նկատմամբ: