Արմինֆո. Արցախը քաոսի նախաշեմին...Պետք է զարթնել լեթարգիական քնից, հանել վարդագույն ակնոցները, տեսնել իրականությունը և համապատասխան քայլեր ձեռնարկել... Այդպես է մեկնաբանել երկրում տիրող իրավիճակը Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը:
«Արցախում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած թշնամիներին պատասխան տվեցին միայն մեր հերոս տղաները՝ իրենց կյանքով և առողջության շնորհիվ,մնացածները և հատկապես ժողովրդի կողմից ընտրված պատասխանատուները և այդ պատասխանատուների կողմից նշանակված,լիազորված մանկլավիկները՝ կլինի քոռ,կլինի քառ,կլինի կաղ,կլինի քաչալ,կլինի գրագետ թե անգրագետ,կլինի հիմար թե խելոք, կլինի ապուշ թե կիրթ դարձել են արձանագրողներ,իրազեկողներ, փիառվողներ, կամ լավագույն դեպքում «օդ կրակողներ»: Անհարգարժան և «հարգարժան» պատասխանատուներ Ձեր գործը թշնամուն,հակառակորդին իրական պատասխան տալն է,այն էլ ցավացնող պատասխան: Դուք Ձեր անողնաշարությամբ մեր ժողովրդին պայքարող,մարտնչող հայից դարձրել եք «ստամոքսի գերի», նյութապաշտ և հոգեզուրկ ամբոխ...», - գրել է նա «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ ։ Եթե մինչև ս.թ. հունիսի 15-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուս խաղաղապահները հնարավորություն ունեին գոնե սահմանափակ քանակությամբ առաջին անհրաժեշտության սննդամթերք հասցնել Արցախի պաշարված բնակչությանը, ապա հունիսի 15-ից հետո այդ հնարավորությունն էլ չկա: Արցախի 120 հազար բնակչությունը սովամահության շեմին է ՝ միջազգային հանրության անգործության ֆոնին։ Հուլիսի 26-ից Հայաստանի կառավարության կողմից 360 տոննա մարդասիրական բեռով բեռնատարները կանգնած են Կոռնիձորում և սպասում են պաշարված Արցախ մեկնելու հնարավորությանը: Հավելենք նաև, որ իրավունքի ոլորտի միջազգային փորձագետներն արդեն իսկ արցախցիների նկատմամբ Ադրբեջանի գործողությունները որակում են որպես ցեղասպանություն: Բացի այդ, օգոստոսի 15-ին Արցախում արձանագրվել է սովամահության առաջին դեպքը ։ 40-ամյա արցախցին մահացել է թերսնուցումից։
Հավելենք նաև, որ օգոստոսի 12-ին Հայաստանը դիմել Էր ՄԱԿ Անվտանգության խորհրդին ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հրատապ նիստ հրավիրելու պահանջով: Օգոստոսի 16-ին կայացած նիստն, ըստ էության, որևէ արդյունք չտվեց։ Հրատապ նիստի մասնակիցները գնացին իրենց գործերով՝ միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին շաբլոն հայտարարություններից և մտահոգություն հայտնելուց հետո։ Իսկ Ադրբեջանը, օգտվելով, այսպես կոչված, քաղաքակիրթ աշխարհի անգործությունից, շարունակում է շրջափակված Արցախի վզին սեղմակը ձգել ։ Շրջափակման նպատակը ԼՂՀ հայաթափումն է։