Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապանում գտնվող Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուղեկալ:
Վարչապետի կողմից սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, որ նրան ուղեկցում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Սահմանապահ ուղեկալում Փաշինյանին զեկուցվել է, որ սահմանի խախտման դեպքեր կամ միջադեպեր չեն արձանագրվել։ Վարչապետը ծանոթացել է սահմանապահ ուղեկալի տեխնիկական հագեցվածությանը և հնարավորություններին, ինչպես նաև կենցաղային պայմաններին:
Ինչպես հաղորդել է վարչապետի մամուլի ծառայությունը, Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ծանոթացել է մասնավոր հատվածի կողմից իրականացվող բազմաբնակարան համալիրների կառուցման ներդրումային ծրագրերի ընթացքին:
«Լիաշին» ՍՊԸ-ն 700 մլն դրամ ներդրումային ծրագրով կառուցում է 13 հարկանի երկու շենք` 94 բնակարաններով: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականին:
«Նյու Հաուս» ՓԲԸ-ն 1,7 մլրդ դրամի ներդրումային ծրագրի շրջանակում կառուցում է 12 հարկանի երկու բազմաբնակարան շենք` ընդհանուր 128 բնակարաններով: Մեկ շենքի շինաշխատանքները գրեթե ավարտական փուլում են, իսկ մյուսի աշխատանքները կավարտվեն հաջորդ տարվա ընթացքում: Վարչապետը հետաքրքրվել է ծրագրերի ընթացքի, բնակարանների վաճառքի հետ կապված հարցերով և ընդգծել, որ Կառավարությունը շարունակելու է խրախուսել մարզերում նման ծրագրերի իրականացումը: