


Թուրքիայում Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի ցուցադրություններ են տեղի ունեցել: Ֆիլմերը միավորվել են ՙ100-ամյա ցավ՚ առանձին ծրագրում:
Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է ՙՈսկե ծիրան՚ միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, ծրագրում երկու ֆիլմ է ընդգրկվել` Հաջի Օրմանի ՙHomo politicus՚-ը և Աննա Բենժամինի ՙԹուրքիա, լռության ժառանգությունը՚:
ՙHomo politicus՚ ֆիլմում ներկայացված է դրվագ գերմանացի հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսի և Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշայի հանդիպումից: Յոհաննես Լեփսիուսն այցելում է Էնվեր փաշային` նպատակ ունենալով քաղաքական և դիվանագիտական ճնշման միջոցով կանգնեցնել Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացվող բռնագաղթի քաղաքականությունը: Սակայն Լեփսիուսի կողմից առաջ քաշված բոլոր փաստարկները սառնասրտորեն մերժվում են Էնվերի կողմից: Ինչ վերաբերում է Աննա
Բենժամինի ֆիլմին, այստեղ շոշափվում է Ցեղասպանությունից փրկված հայերի հարկադիր իսլամացման թեման:
Ստամբուլի միջազգային կինոփառատոնն անցկացվել է ապրիլի 4-19-ը: ՙ100-ամյա ցավը՚ ՙԱյլևս երբեք՚ հատուկ ծրագրի մասն է կազմում, որի շրջանակներում ամբողջ աշխարհում Ցեղասպանության թեմայով կինոցուցադրումներ են անցկացվում: Ծրագիրն իրականացվում է ՙՈսկե ծիրան՚ միջազգային կինոփառատոնի կողմից`ՀՀ Մշակույթի նախարարության և Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ:



