Արմինֆո. Թե ինչպես է Իլհամ Ալիևը ծրագրում հայերի արտաքսումը Լեռնային Ղարաբաղից, ինչու է Թուրքիան աջակցում նրան և չի վախենում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչ սխալ է թույլ տալիս Նիկոլ Փաշինյանը, և ինչպես է Արևմուտքը ցանկանում Ռուսաստանին դուրս մղել Կովկասից, Pravda.Ru-ին պատմել է Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Լեռնային Ղարաբաղից ավելի ու ավելի տագնապալի հաղորդագրությունների ֆոնին այնտեղ տիրող իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու խնդրանքին ի պատասխան՝ Զատուլինը նշել է, որ Փաշինյանի կառավարությունում ժամանակ առ ժամանակ հայտարարում են. "Մենք պնդում ենք, որ երաշխիքներ տրվեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը"։ Բայց, միևնույն ժամանակ, ասում են, որ գործընթացը պետք է ընթանա ոչ թե Բաքվի և Երևանի, այլ Բաքվի և Ստեփանակերտի միջև։
"Թե ինչպես է ընթանում գործընթացը, պարզ է Ադրբեջանի դիրքորոշումից, որն ընդհանրապես չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը, պատրաստվում է չեղարկել նույնիսկ "Լեռնային Ղարաբաղ" աշխարհագրական անվանումը, իսկ նախագահ Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են Ադրբեջանի քաղաքացիություն վերցնել, բայց եթե նրանք չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացի (իսկ նրանք իսկապես չեն ցանկանում տեղի ունեցածից հետո), ապա նրանք պետք է հեռանան այնտեղից:
Պահանջել մարդկանցից, ովքեր դարեր շարունակ ապրում են այդ տարածքում, ինչի մասին վկայում են պատմական փաստերը, հնագույն հուշարձանները, տաճարները և այլն, որպեսզի նրանք այն հիմքով, որ չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, լքեն այդ տարածքը, դա քողարկված ձևով 20 - րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի բռնագաղթի և ցեղասպանության կրկնությունն է: Ադրբեջանը հայերին դուրս է մղում Լեռնային Ղարաբաղից, որպեսզի նրան բաժին հասնի այդ տարածքն առանց բնակչության", - կարծում է ռուս քաղաքական գործիչը։
Ընդ որում, նա փաստել է, որ Ադրբեջանը սահմանային անցակետ է տեղադրել Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում, որպեսզի անհնար լինի ռազմական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայերին, եթե նրանց դեմ սկսեն կռվել ադրբեջանական զորքերը:
Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ Ադրբեջանը շահագրգռված է որքան հնարավոր է շուտ ընդմիշտ լուծել այդ խնդիրը, այսինքն, վերացնել Լեռնային Ղարաբաղը՝ որպես հասկացություն, նույնիսկ՝ աշխարհագրական:
"Այս ամենը միասին վերցրած՝ ծանր մեղադրանք է Հայաստանի գործող իշխանության դեմ, որը ոչ միայն ի վիճակի չէ պաշտպանել հայերի շահերը, այլև գործը տանում է դեպի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների աստիճանական կազմաքանդում։ Փաշինյանը հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանն Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Մենք Հայաստանից օգնություն չենք էլ սպասում, ինքներս գլուխ կհանենք, բայց նման հայտարարությունները որոշակի ֆոն են ստեղծում՝ այն դեպքում, երբ Հայաստանում է գտնվում ռուսական ռազմակայանը, որպեսզի Հայաստանը հանգիստ լինի իր հարևանների առնչությամբ։
Հայաստանի հարեւաններն են Թուրքիան, որը չի ճանաչում 20-րդ դարասկզբին իրագործած Հայոց ցեղասպանությունը, եւ որն անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի նկատմամբ նրա նկրտումներին: Այս իրավիճակը ստիպում է անհանգստանալ մարդկանց ճակատագրերի համար, առավել եւս, որ Ռուսաստանում մեր նախնիները պատասխանատվություն են ստանձնել Կովկասում քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի եւ վրացիների ճակատագրի համար", - հիշեցրել է Զատուլինը։
Ու, թեեւ պատմությունը հետագայում տարբեր կերպ է զարգացել, շարունակել է քաղաքական գործիչը, Ռուսաստանն իր խնդիրը կատարել է։ Միևնույն ժամանակ, նա հակաբնական է համարել այն, որ այսօր Հայաստանի իշխանությունները երազում են, որպեսզի Ռուսաստանն ընդմիշտ հեռանա Կովկասից, և հույս են փայփայում, որ ինչ-որ մեկն իրենց կօգնի:
"Երբ Ռուսական կայսրությունում քաղաքացիական պատերազմ էր, նույնպես սպասում էին, որ Արևմուտքը կօգնի, բայց ոչ ոք չօգնեց։ Իսկ բոլշևիկները պահպանեցին և հայերին, և հայկական պետականությունը ՝ Հայկական ԽՍՀ տեսքով։ Հիմա մեր վիճակի դժվարությունն այն է, որ մենք չենք ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունների սրացում, իսկ Թուրքիան օգտվում է դրանից ՝ բացարձակապես չամաչելով։ Այնտեղ որոշել են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդացման ռիսկերը, որի հետ տնտեսական կապերը շատ են, ավելի քիչ են նշանակում, քան ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի, Ադրբեջանի հանդեպ հավատարմության ցուցադրումը, որը մեծացնում է իր պահանջները։ Այստեղ արդեն խնդիրը ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանն են, այլ այն, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Կովկասից, որտեղ պատմականորեն նա միշտ ներկա է եղել", - եզրափակել է ռուս պատգամավորը։