Արմինֆո. «Մազ» մակնիշի աղբատար 4 նոր մեքենաները համալրել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ավտոպարկը։ Այդ մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, նոր աղբատար մեքենաները համայնքը գնել է մոտ 196 մլն դրամով՝ գործարանային երկու տարվա երաշխիքով։
«Շաբաթներ առաջ քաղաքում ծագած աղբահանության խնդիրն արդեն լուծված է. վստահեցնում է հիմնարկի տնօրենը: Պատճառը մեքենաների անսարքությունն էր։ Անվադողերից մինչև կենցաղային տեխնիկա. հաճախ քաղաքացիները աղբամանների մոտ են թողնում շինարարական աղբ, ինչն էլ լրացուցիչ բարդացնում է աշխատանքը և պատճառ դառնում մեքենաների խափանման:
Երևանում աղբահանությունն իրականացվում է շուրջօրյա` երկու հերթափոխով: Ամռան այս ամիսներին օրական 150-180 տոննա աղբ է տեղափոխվում աղբավայր:
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հաջորդ տարի ևս ձեռք բերել աղբատար ու փողոցների մաքրման համար անհրաժեշտ տեխնիկա», - ասվում է հաղորդագրությունում: