Արմինֆո. ԱՄՆ-ը նախկինի պես խորապես մտահոգված է Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի շարունակական փակմամբ, հատկապես, առեւտրային, հումանիտար եւ մասնավոր տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին։
"Նման մարդասիրական փոխադրումների դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Եվ այդ պատճառով մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել առեւտրային, հումանիտար եւ մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ անցումն այդ միջանցքով", - նշել է նա։
Պատելը նաև փաստել է, որ օգոստոսի 16-ին տեղի կունենա ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ ՝ Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկելու համար: "Եվ մենք ակնկալում ենք, որ քննարկումները կշարունակվեն այնտեղ", - ասել է դիվանագետը:
Ճշտմանը, թե ինչ ակնկալիքներ ունի Վաշինգտոնը ՄԱԿ-ի հարթակում հանդիպումից, Պատելը նշել է, որ մտադիր չէ առաջ ընկնել: "Բայց մենք հետևողականորեն ընդգծել և հաստատել ենք այն փաստը, որ ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է այս վաղեմի հակամարտության լուծման համար ։ Եվ մենք կարծում ենք, որ ցանկացած պարտավորություն, որն ի վերջո խաղաղություն եւ կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին, լավ գործ եւ դրական առաջընթաց քայլ կլինի", - եզրափակել է Պատելը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ ։ Եթե մինչև ս.թ. հունիսի 15-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուս խաղաղապահները հնարավորություն ունեին գոնե սահմանափակ քանակությամբ առաջին անհրաժեշտության սննդամթերք հասցնել Արցախի պաշարված բնակչությանը, ապա հունիսի 15-ից հետո այդ հնարավորությունն էլ չկա: Արցախի 120 հազար բնակչությունը սովամահության շեմին է՝ միջազգային հանրության անգործության ֆոնին։ Հուլիսի 26-ից Հայաստանի կառավարության կողմից 360 տոննա մարդասիրական բեռով բեռնատարները կանգնած են Կոռնիձորում և սպասում են պաշարված Արցախ մեկնելու հնարավորությանը:
Օգոստոսի 15-ին Արցախում արձանագրվել է սովամահության առաջին դեպքը։ 40-ամյա արցախցին մահացել է թերսնուցումից։
Հավելենք նաև, որ օգոստոսի 12-ին Հայաստանը դիմել Է ՄԱԿ Անվտանգության խորհրդին ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հրատապ նիստ հրավիրելու խնդրանքով: Հավելենք նաև, որ իրավունքի ոլորտի միջազգային փորձագետներն արդեն իսկ արցախցիների նկատմամբ Ադրբեջանի գործողությունները որակում են որպես ցեղասպանություն: