Արմինֆո. Գլխավոր դատախազությունը մտադիր է բռնագանձել Երևանի նախկին քաղաքապետ, պետական եկամուտների, ինչպես նաև էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, այնուհետև ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանի ապօրինի ձեռք բերած գույքը:
Մասնավորապես, ինչպես հաղորդում է պաշտոնական ծանուցումների azdarar.am կայքը, Զախարյանը, նրա որդին, դուստրը, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված այլ անձինք օգոստոսի 15-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի վարչություն:
Ըստ հաղորդագրության ՝ նրանք հրավիրվել են դատախազություն ՝ ուսումնասիրության նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ Զախարյանը 1998 - 2000թթ. եղել է ՀՀ տրանսպորտի նախարար, 2000 - 2001թթ. ՝ ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ, այնուհետև վերանշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար: 2001 - 2003թթ. զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների նախարարի պաշտոնը, 2003 - 2009թթ. եղել է Երևանի քաղաքապետ, 2009թ.՝ ՀՀ նախագահի խորհրդական, 2009 - 2014թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ, 2014-2016թթ.՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար: ՀՀԿ անդամ է:-