


Ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձն այս տարի նախորդներից շատ տարբեր կլինի: Լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել ամերիկահայ պատմաբան, Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը:
Նա հիշեցրել է, որ արդեն տարիներ շարունակ ապրիլի 24-ին Օբաման «ցեղասպանություն» տերմինի փոխարեն կիրառում է «Մեծ եղեռն» արտահայտությունը, ինչն անհասկանալի է ԱՄՆ հասարակության համար: «Խնդիրն այն է, որ «Մեծ եղեռնն» ամերիկյան հասարակության շրջանում ընկալվում է ոչ թե որպես մեծ ոճրագործություն, այլ` որպես մեծ ողբերգություն, հետևաբար, հայկական կողմը պետք է ջանք գործադրի, որպեսզի ամերիկյան հասարակությունը գիտակցի հարցի լրջությունը», - նշել է նա: Ընդ որում փորձագետը կարծում է, որ, չնայած Պետական դեպարտամենտի և Պենտագոնի կողմից ճնշմանը, Օբաման վճռականություն կդրսևորի և կարտաբերի «ցեղասպանություն» բառը` որակելով 20-րդ դարասկլզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները:
Պրոֆեսորը նշել է, որ անվստահությամբ է վերաբերվում ընտրվելու դեպքում Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի պաշտոնի ապագա թեկնածուների հայտարարություններին: «Օբաման նույնպես խոստացել էր, և համայնքը նրան մշտապես դա հիշեցնում է, սակայն` առայժմ ապարդյուն», - նշել է նա:
Նշենք, որ ապրիլի 21-ին տեղի է ունեցել Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն» քառահատորի երկրորդ հատորի շնորհանդեսը: Պրոֆեսորը 25 աշխատել է գրքերի վրա:



