Արմինֆո.Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 14-ին ադրբեջանական էլեկտրոնային զլմ-ները հրապարակել են երկրորդ կեղծ տեսագրությունը, որտեղ այս անգամ պատկերված են ՊԲ ստորաբաժանումների կողմից իբր թե իրականացվող ամրաշինական աշխատանքները։ Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության և այդ կառույցի հետ սերտորեն համագործակցող լրատվամիջոցների զգալիորեն ավելացած ակտիվությունը, պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունը, հրադադարի խախտումների և քաղաքացիական օդանավերը ՌԷՊ միջոցներով թիրախավորելու Արցախի ՊԲ֊ին հասցեագրված բացարձակապես սուտ մեղադրանքները , ինչպես արդեն նշել ենք նախկինում, նպատակ ունեն շեղել միջազգային ուշադրությունը Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետից, հիմնավորել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և տեղեկատվական հենք ստեղծել ապագա սադրանքների համար», - ասվում է հաղորդագրությունում։
Այսօր ավելի վաղ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե, իբր, ՊԲ-ը տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում:
«Այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ, Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար», - ասվում էր հաղորդագրությունում: