Արմինֆո.Օգոստոսի 13-ին Սևանա լճում ջրահեղձ է եղել Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն: Այդ տեղեկությունն ԱրմԻնֆո-ի թղթակցին հաստատել են Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը:
Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն, օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։
«Ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատված, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ: Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Ալեքսանդր Սենչենկոն Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները ստանձնել էր 2022 թվականի աշնանը։