Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 13-ի 22։45-ից օգոստոսի 14-ի ժամը 07:05-ը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Նախօրեին Հայաստանի ՊՆ-ը հերքել էրԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, օգոստոսի 13-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այն որակելով հերթական ապատեղեկատվություն:
Բացի այդ, Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել է, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 20:30-20:50-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: