Արմինֆո. Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման աշխատանքների իրականացմամբ պայմանավորված՝ կառավարության այսօրվա նիստում որոշվել է գումար հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, 100 հեկտար տարածքից 32 հեկտարի վրա կտեղակայվի «Կյանքի պուրակը», որտեղ կլինեն հանդիպումների հրապարակներ, ծառուղիներ, զբոսանքի պուրակներ, աստիճանների կասկադ, լճակ և հանգստի այլ գոտիներ: «Իրականացվել է մրցութային գործընթաց: Ամբողջ աշխատանքների համար նախատեսվում է 4 միլիարդ 510 միլիոն դրամ: Աշխատանքն իրականացնելու համար ժամկետ է սահմանվել 900 օր: Այնտեղ կլինեն մի շարք ենթակառուցվածքներ՝ կաթիլային ոռոգման համակարգ, կլինեն հետիոտնային հաղորդակցության ուղիներ, ջեռուցման, էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման համակարգեր»,- նշել է նախարարը։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Հատկապես 44-օրյա պատերազմից հետո մտածում էինք, թե ինչպես հավերժացնենք Հայաստանի Հանրապետության և Հայրենիքի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակը: Եվ երկար քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ մի փոքր այլ կոնցեպտ պետք է դնենք այս ամեն ինչի հիմքում: Եվ որոշում կայացվեց: Նախ անվանը հանգեցինք, որ պետք է կոչվի Կյանքի պուրակ, որը հենց կընդգծի կյանքի տրամաբանությունը, և այն տրամաբանությունը, որ մենք ասել ենք՝ մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի, և, հետևաբար, «Կյանքի պուրակն» այս տրամաբանությունն է ունենալու: Երկար ժամանակ աշխատել ենք նախագծի վրա, հիմա անցնում ենք բուն շինարարության գործընթացին: Ի սկզբանե գաղափարը հետևյալն էր, որ մարդիկ այնտեղ պետք է գնան զբոսնելու՝ զրուցելու, այն պետք է հարմար լինի երեխաների հետ, ընտանիքներով գնալու համար, այնտեղ լինելու է պուրակ, հանդիպումների հրապարակ, ծառուղի, աստիճանների կասկադ, լճակ, հուշահարթակ, ծառուղի, հանգստի գոտիներ: Եվ ոչ միայն պուրակը, այլև այնտեղ այցելությունների բովանդակությունը պետք է ընդգծի ապրելու, զարգանալու՝ ՀՀ-ի և նրա քաղաքացիների կամքը»:
Վարչապետը հավելել է, որ պուրակի ներսում ոչ մի առևտրական գործառույթ պետք է չլինի, մուտքի մոտ միայն կարող է լինել կոմերցիոն տարածք, որտեղ մարդիկ կարող են գնել իրենց անհրաժեշտ իրեր: «Սրանով մենք Երևանի բուսաբանական այգին վերակենդանացնելու ծրագիր ենք սկսում, որովհետև մենք զարմանքով արձանագրեցինք, որ Երևանի բուսաբանական այգում 100 հեկտար չորացած տարածք կա»,- ասել է կառավարության ղեկավարը: