Արմինֆո. ՀՀ կառավարությունը որոշել է հարկատուի միջոցներից 2 մլրդ 318 մլն դրամ (շուրջ 6 մլն դոլար ընթացիկ փոխարժեքով) հատկացնել ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի հյուրախաղերին: "Արտիստի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ վերջինս այս տարի մեծ պահանջարկ է վայելում ժամանակակից երաժշտության աշխարհում, այլեւ՝ այն հանգամանքով, որ ներկայացվելու է յուրահատուկ շոու ծրագիր",- ասված է կառավարության օգոստոսի 11 - ի որոշման մեջ:
Ամերիկացի ռեփեր և դերասան Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին ելույթ կունենա Երևանի "Հրազդան" մարզադաշտում: Նշված գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների կատարմանը, անվտանգության և ապահովագրության ծախսերին, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների անցկացմանը:
Նախագիծն իրականացնելու է "Դոպինգ Սփեյս" ՍՊԸ-ն, որը պարտավորվում է միջոցառումն ապահովել անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, տեղադրել այն, անցկացնել գովազդային արշավ Հայաստանում և արտերկրում:
«Ծրագիրն իրականացնող կազմակերպության հավաստմամբ, ակնկալվում է, որ միջոցառմանը մասնակցելու համար արտերկրից Հայաստան կժամանի 5-6 հազար զբոսաշրջիկ: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանում 1 զբոսաշրջիկը ծախսում է միջինը 800-1000 դոլարին համարժեք դրամ։ Հայաստանը շոու-բիզնեսի միջազգային շուկա դուրս գալու հնարավորություն կստանա, հավասար պայմաններ կստեղծվեն անվանի աստղերին Հայաստան ավելի մատչելի միջոցներով հրավիրելու համար", - ասվում է փաստաթղթի պարզաբանման մեջ ։
Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի վերջին ամերիկացի ռեփերը հայտարարել էր Երևանում իր համերգի մասին ։ Նա սոցցանցերում հայտարարել է, որ դա սովորական համերգ չի լինելու, այլ՝ լեգենդար շոու։ <Լուրեր են շրջանառվում, որ հայ ժողովուրդը անցել է հյուրընկալության նոր մակարդակի։ Ես չեմ կարող սպասել, որ տեսնեմ բոլորիդ>, - ավելացրել է արտիստը: