Արմինֆո. Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից բխող հարցերը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակն են քննարկել ԱՀ ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը՝ հեռախոսազրույցի ընթացքում:
Բայրամովը, ավանդույթի համաձայն, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ողջ պատասխանատվությունը բարդել է Հայաստանի վրա, հավաստիացնելով, թե, իբր, Երևանը "տարբեր պատրվակներով միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև խոչընդոտում է խաղաղ գործընթացին, "տարածելով այնպիսի պնդումներ, ինչպիսիք են շրջափակումը և հումանիտար ճգնաժամը"։ Այդ համատեքստում նա տարբեր "սոուսներով" սկսել է արդարացնել Արցախի բնակչության շրջափակումը, որը շարունակվում է իններորդ ամիսը։ Նա հավաստիացրել է, թե դա, իբր, "Ադրբեջանի ներքին գործն է"։ Ելնելով դրանից՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանական իշխանությունների համար սովորական է սովամահ անել սեփական բնակչությանը։
Այնուհետև Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով միջազգայնորեն ճանաչված երթուղին ապաշրջափակելու փոխարեն Բայրամովը հերթական անգամ կրկնել է Բաքվի առաջարկը Ակնա (Աղդամ) - Ստեփանակերտ այլընտրանքային երթուղու վերաբերյալ, որը նպատակ ունի սկսել Արցախի ամբողջական կլանման գործընթացը: Միաժամանակ նա հավաստիացրել է, որ արցախցիների հրաժարումն այդ երթուղուց ևս մեկ անգամ ապացուցել է, որ "շրջափակման" և հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիաներ են": Թեև ինքն էլ իր հայտարարություններով հաստատել է շրջափակման փաստը, չէ որ, եթե այն չլիներ, ապա ինչու էր պետք բեռների մատակարարման այլընտրանքային ճանապարհ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ։ Եթե մինչև ս.թ. հունիսի 15-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուս խաղաղապահները հնարավորություն ունեին գոնե սահմանափակ քանակությամբ առաջին անհրաժեշտության սննդամթերք հասցնել Արցախի պաշարված բնակչությանը, ապա հունիսի 15-ից հետո այդ հնարավորությունն էլ չկա: Արցախի 120 հազար բնակչությունը սովամահության շեմին է՝ միջազգային հանրության անգործության ֆոնին։
Հավելենք, որ հուլիսի 26-ից ՀՀ կառավարության կողմից 360 տոննա մարդասիրական բեռով բեռնատարները կանգնած են Կոռնիձորում և սպասում են արգելափակված Արցախ գնալու հնարավորությանը: