Արմինֆո. Մարդկանց առողջական վիճակի ամենօրյա վատթարացման և թերսնման հետևանքով Արցախի Հանրապետությունում ուշագնացության դեպքերը շարունակում են ավելանալ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ զետեղելով նման դեպքերից մեկի տեսանյութը:
«Ամեն օր ուշագնացության դեպքեր են գրանցվում: Արցախում հումանիտար ճգնաժամի խորացումն ավելի տեսանելի է դարձնում թերսնման և սովի անդառնալի հետևանքները», - նշել է նա:
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակման մեջ է գտնվում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման պատճառով, ինչի արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում ՝ 30 հազար երեխաների իրավունքները ։ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը փետրվարի 22-ին բավարարել է Հայաստանի պահանջը և պարտավորեցրել Ադրբեջանին չխոչընդոտել Լաչինի միջանցքով բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը՝ երկու ուղղություններով, սակայն Բաքուն մինչ օրս չի կատարել այդ պարտավորությունը: Ավելին, ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում, իսկ հունիսի 15-ին Հակարի կամրջի վրա տեղի ունեցած սադրանքից հետո Ադրբեջանն արգելել է բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները երկու ուղղություններով, այդ թվում ՝ մարդկանց և բեռների, ինչը հանգեցրել է աղետին մոտ հումանիտար ճգնաժամի։