Արմինֆո. Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը Կապանի քաղաքապետ Գեւորգ Պարսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակը:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Չեխիայի դեսպանության մամուլի ծառայությունը, նրանք նաև քննարկել են երկկողմ հարաբերությունների ներուժը։ «Մենք ցանկանում ենք դրանք զարգացնել, օրինակ՝ մշակույթի (ամեն տարի Կապանում անցկացվում է դասական երաժշտության միջազգային փառատոն) կամ տնտեսության ոլորտում (գիտեի՞ք, որ ուղիղ չվերթը, որը շուտով կանոնավոր կերպով թռիչքներ կիրականացնի Կապան-Երևան ուղղությամբ, կսպասարկի չեխական ինքնաթիռ L-410-ը, որն արտադրում է Aircraft Industries, a.s. - Oficiální stránky): Կապանը շահագրգռված է ավելի սերտ համագործակցել Չեխիայի որևէ քաղաքի հետ, ուստի մենք շահագրգիռ կողմերի ենք փնտրելու չեխական կողմում», - ասվում է դեսպանության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 26 - ին L-410 քաղաքացիական ինքնաթիռը փորձնական թռիչք էր իրականացրել Կապանի "Սյունիք" օդանավակայանից ՝ Կապան - Երևան-Կապան երթուղով:
Դեռևս 2021 թվականի վերջին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Դավիթ Սարուխանյանը հաղորդել էր, որ Կապանի օդանավակայանը լիովին պատրաստ է ավիաչվերթներ իրականացնելու համար:
Սարուխանյանն այն ժամանակ տեղեկացրել էր, որ այս փուլում որոշում է կայացվել չեխական արտադրության 19 տեղանոց ինքնաթիռով (L-410 UVP-E20) ներքին չվերթներ իրականացնել Երևան-Կապան-Երևան ուղղությամբ: Նա նաև հաղորդել էր, որ օդանավակայանն ունի ինքնաթիռների 2 և ուղղաթիռի 1 կայանատեղ:
Ավելի վաղ Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան հաղորդել էր, որ Երևան-Կապան-Երևան ուղղությամբ ներքին ավիաչվերթները կգործարկվեն 2022 թվականի հունվարի 20-ից ՝ շաբաթական երկու անգամ հաճախականությամբ: Չվերթները նախատեսվում էր իրականացնել NovAir ավիաընկերության կողմից։ 2021թ. նոյեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 49.5 մլն դրամ ուղղել Կապանի օդանավակայանի ընդհանուր գործառնական ծախսերին, հարկերին, աշխատավարձերին:
Հիշեցնենք, որ Երևան-Կապան - Երևան ուղղությամբ ներքին ավիաչվերթների մեկնարկի մասին հայտարարվել էր դեռևս 2018 թվականի մարտին: Բայց եթե այն ժամանակ թռիչքների համար ոչ մի սպառնալիք չկար, ապա 2020 թվականի 44-օրյա պատերազմից և ՀՀ ինքնիշխան տարածքներ ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումից հետո թռիչքուղին գտնվում է թշնամական ուժերի ուղիղ նշանառության տակ ։