Արմինֆո. Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի շրջափակման սկսվելու օրվանից ի վեր ես Կոնգրեսի իմ գործընկերների և ողջ երկրի հայերի հետ միասին կոչ եմ արել Սպիտակ տանը, Պետդեպարտամենտին և USAID-ին միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի և նրա ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։
"Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեին մարդասիրական օգնություն հասցնելու և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին դուրս բերելու թույլտվության մերժումից հետո օրեցօր աճում է միջազգային հանրության կողմից միջոցներ ձեռնարկելու և հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու անհրաժեշտությունը", - համոզված է ամերիկացի օրենսդիրը:
Այդ համատեքստում Շիֆը հիշեցրել է, որ համաառորեն կոչ է արել Ադրբեջանին վերացնել շրջափակումը և թույլ տալ մարդասիրական օգնության անարգել տեղաշարժ միջանցքով, ինչպես նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախում ստեղծված ծանր իրավիճակի կարգավորման համար:
Շիֆը հիշեցրել է, որ դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումները, հանդես է եկել հայ ռազմագերիների ազատ արձակման օգտին և աջակցել է պատժամիջոցների սահմանմանն ու Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն: "Ես մշտապես անսասան եմ եղել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովման հանձնառության առումով։ Որպես Կոնգրեսի հայկական հարցերով խմբակցության համանախագահ՝ ես նաև հանդես եմ եկել այս ճգնաժամը խաղաղ միջոցներով դադարեցնելու միջազգային գործողությունների օգտին։ Եթե մենք իսկապես պաշտպանում ենք ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, մենք պետք է ճանաչենք Արցախի Հանրապետության անկախությունը և դիմակայենք էթնիկ զտումներին և ցեղասպանության սպառնալիքներին, որոնց բախվում է հայ համայնքը իր նախնիների հայրենիքում", - նշել է կոնգրեսականը։
Միևնույն ժամանակ, Շիֆը վստահ է, որ օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, ներառյալ ԱՄՆ-ի կողմից Արցախին մարդասիրական օգնության պարտադրումը, Ադրբեջանին ռազմական և այլ օգնության դադարեցումը և այդ ճգնաժամի մեղավորների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, հնարավոր կլինի ապահովել Արցախի անվտանգությունն այժմ և ապագայում: "Ես ձեզ հետ կլինեմ ամեն քայլափոխի և միշտ կլինեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին", - եզրափակել է կոնգրեսականը: