


Արմինֆո.Ադրբեջանի Մարդու Իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման ազգային խմբի անդամները հերթական մոնիտորինգն են անցկացրել քննչական մեկուսարաններից մեկում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի, այսպես կոչված, օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են նաև օգոստոսի 1-ին գերեվարված Արցախի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանին: Վերջինս տեղանքում մոլորվել է շրջափակման պատճառով՝ Շուշիի շրջանի Հին շեն գյուղից ոտքով Ստեփանակերտ ուղևորվելիս։
Նշվում է, որ նրա հետ տեղի է ունեցել կոնֆիդենցիալ զրույց, հանձնվել են նրա մայրենի լեզվով օրենսդրական ակտերը, և, ավանդույթի համաձայն, հաստատվել է, որ "Բեգլարյանի իրավունքներն ապահովվում են":
Հիշեցնենք, որ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով, հաղորդել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Լեռնային Ղարաբաղի 61-ամյա բնակիչ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: 2020 թվականի պատերազմի հետևանքով նա վտարվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում։
Հավելենք նաև, որ այսօր հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են օգոստոսի 1-ին Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ապօրինի տեղադրված անցակետում գերեվարված Արցախի մեկ այլ քաղաքացու ՝ Վագիֆ Խաչատրյանին: Վագիֆ Խաչատրյանը ԿԽՄԿ աշխատակիցների միջոցով գրություն է փոխանցել հարազատներին։



