Արմինֆո.ՀՀ ԱԳՆ-ում կոչ են արել քայլեր ձեռնարկել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային կոչերն ու լուծումները կյանքի կոչելու համար:
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ այս տարվա հունիսին ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին ՝ Փոլ Գավանի զեկույցի հիման վրա։ Այս համատեքստում նա հրապարակել Է Փոլ Գավանի օգոստոսի 4-ի գրառումը, որտեղ նա, մասնավորապես, գրել է. "Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներ իրականացնելու կանխամտածված փորձ է":
Այդ առնչությամբ Բադալյանն ընդգծել է միջազգային բոլոր կոչերն ու լուծումներն իրականացնելու համար հստակ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը:
Հավելենք նաև, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, "Բացում" քաղաքացիական նախաձեռնությունը և մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ ԱԳՆ-ի դիմաց: Ակցիայի մասնակիցները հայկական կողմից պահանջել են միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում ՝ օգոստոսի 1-ին և 3-ին հակառակորդի կողմից առևանգված ԼՂՀ երկու քաղաքացիների վերադարձն ապահովելու ուղղությամբ: Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհություն են հայտնել և անատամ որակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի հայտարարությունը: Ավելին, ցուցարարները քննադատել են Հայաստանի արտաքին քաղաքական գիծը Լեռնային Ղարաբաղի հարցում, նշելով, որ այն ոչ միայն հակասում է ՀՀ սահմանադրությանը, այլև քայքայում է հայոց պետականությունը: "ՀՀ գործող կառավարության կուրսը պետք է արտացոլի այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են արդարությունը, ինքնորոշումը, ազգային շահերը ։ Եկել է միասնական լինելու և ՀՀ կառավարությունից կեղծ "խաղաղության օրակարգից" հրաժարում պահանջելու ժամանակը, և կառավարության ղեկավարին հարկադրելու՝ հրաժարվել իր իսկ հայտարարությունից, որով ինքը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս", - հայտարարել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Ցուցարարները Հայաստանի իշխանություններին կոչ են արել փոխել հայկական երկու հանրապետությունների կործանմանը տանող քաղաքականությունը, հիշեցնելով, որ հայ հասարակությունը գործող իշխանություններին օժտել է Արցախը պաշտպանելու, այլ ոչ թե այն ոչնչացնելու մանդատով: Ցուցարարները վերոնշյալ պահանջներով համապատասխան նամակ են փոխանցել ԱԳՆ-ին, այնուհետև շարժվել են դեպի ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատան շենք: