Արմինֆո. Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն արձագանքել է Euronews-ի հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե՝ "պատերազմում հաղթանակը նրա կյանքի, նրա քաղաքական կյանքի առաքելությունն էր":
"Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե "պատերազմում տարած հաղթանակը նրա կյանքի, նրա քաղաքական կյանքի նպատակն էր...", հստակ ցույց է տալիս, թե ինչպես անպատժելիությունը կանաչ լույս է վառում նոր հանցագործությունների համար: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները կանխելու համար", - գրել է Կոստանյանը Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ վերջերս Եվրոնյուզ-ի գլխավոր միջազգային թղթակից Անելիզ Բորժեսն առանձին զրուցել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ՝ պարզելու, թե արդյոք հնարավոր է խաղաղության հասնել, եւ ինչ է անհրաժեշտ դրա համար: Հարցին՝ հաստատել հարատև խաղաղություն, թե՞ հաղթել պատերազմում, Հայաստանի վարչապետը պատասխանել է. <Ամեն դեպքում պատերազմը սխալ է։ Եթե պատերազմ է գնում, ուրեմն ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ինչ-որ սխալ բան է արել, կամ մի խումբ մարդիկ սխալներ են թույլ տվել>: Մինչդեռ, Ալիեւը հայտարարել է. "Դե, պատերազմում հաղթանակ տանելը իմ կյանքի կամ գոնե իմ քաղաքական կյանքի առաքելությունն էր, եւ ես հաջողությամբ հաղթահարեցի այն ։ Մենք հաղթեցինք պատերազմում: Մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, գտնվում են Ադրբեջանում։ Նրանք պետք է ընտրություն կատարեն. մնալ այստեղ ապրելու՝ որպես մեր քաղաքացիներ և էթնիկ փոքրամասնություն, գիտեք, նրանք մեզ մոտ շատ են, կամ՝ հեռանալ"։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ