Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում երկու բնակչի ձերբակալումը դժվարացնում է առանց այդ էլ բարդ, բայց անհրաժեշտ հանգուցալուծումների, փոխզիջումների և լուծումների որոնումը։ Այդ մասին օգոստոսի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հաքարի կամրջի մոտ գտնվող անցակետում ադրբեջանական կողմից Վագիֆ Խաչատրյանի եւ մոլորված Ռաշիդ Բեգլարյանի առեւանգման մասին հարցը։
Զախարովայի ասելով՝ այդ գործողությունները սրում են իրավիճակը։ "Մենք տեսել ենք հայկական եւ ադրբեջանական կողմերի ճիշտ հակառակ գնահատականները, բայց, ամեն դեպքում, մենք ելնում ենք հաշտեցման անհրաժեշտությունից՝ ինչպես հայ-ադրբեջանական կարգավորման, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովման համատեքստում", - ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է նաև այն հարցը, թե ինչպես կարելի է բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ադրբեջանական Եվլախ քաղաքում՝ այդ առևանգումների և բանակցությունների հայ մասնակիցների համար անվտանգության երաշխիքների բացակայության ֆոնին: Զախարովայի ասելով՝ Մոսկվան աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցություններին: Այս թեման շահագրգիռ կողմերի հետ բանակցությունների օրակարգում է ։ Ռուս խաղաղապահներն ավելի վաղ աջակցել են երկու պատվիրակությունների հանդիպումների կազմակերպմանը և պատրաստ են հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել դրան: "Ռուսաստանը ոչ մի նախապայման առաջ չի քաշում եւ քրտնաջան աշխատում է մոտեցումների տեղաշարժի ուղղությամբ, որոնք ներկայումս լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության սրման ֆոնին", - ընդգծել Է Զախարովան:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է արվում Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար, հատկապես, այն ֆոնին, որ հրապարակային կոչերը չեն աշխատում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան աշխատում է հակամարտող կողմերի հետ եւ պնդում է, որ անհրաժեշտ է անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը եւ նորմալ պայմաններ ապահովել տեղի բնակչության համար: <Այս հարցում շատ բան կախված է կողմերի քաղաքական կամքից և փոխզիջումային քայլերի պատրաստակամությունից: Միայն այդ դեպքում լարվածությունը կարող է վերացվել", - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ։