Արմինֆո.Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման հետ: Այդ մասին ասվում է Հարավային Կովկասի հարցերով ԵԽ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցով ԵԽ մշտական զեկուցող Անդրեյ Կովաչովի և Ադրբեջանի հարցով ԵԽ մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունում։
Ինչպես նշվում է փաստաթղթում, Բաքուն, խախտելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները, անտեսում է նաև միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որը վերահաստատվել է նույն թվականի հուլիսի 6-ին։
<Արդեն գրեթե ութ ամիս Լեռնային Ղարաբաղի տեղական բնակչությունը տառապում է շրջափակման հետևանքներից՝ գոյատևելով միայն տեղական արտադրության և անհրաժեշտ հումանիտար մատակարարումների շնորհիվ, այդ թվում ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
Վերջին շաբաթներին Ադրբեջանի կողմից մարդասիրական մատակարարումների շրջափակման ընդլայնումը հանգեցրել է հիմնական սննդամթերքի, կենսական նշանակության բժշկական ապրանքների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների պակասի, իսկ վառելիքի պակասը խաթարել է տեղական արտադրությունն ու բաշխումը:
Շտապ բժշկական օգնության խիստ կարիք ունեցող բնակիչների տարհանումը նույնպես խափանվել է։ Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 հազար բնակիչներ բախվել են հումանիտար ճգնաժամի, որը պահանջում է միջազգային հանրության անհապաղ ուշադրությունը", - նշվում է հայտարարության մեջ: