Արմինֆո.ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:
«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին», - ասվում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Խաչատրյանին ձերբակալելու մասին. նա մեղադրվում է 1991 թվականին, իբր, կատարած ռազմական հանցագործությունների համար։ ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանցիների գործողությունները որակել է որպես առևանգում, իսկ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջադեպը որակել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, քանի որ Վագիֆ Խաչատրյանը գտնվում էր ԿԽՄԿ պաշտպանության ներքո: Հուլիսի 30-ին միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հաղորդել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության մասին դիմում ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: