Արմինֆո. Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն այս շաբաթ կայցելի տարածաշրջան: Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանին հաղորդել են ԱՄՆ դեսպանատնից, հավելելով, որ Բոնոն Երեւանում կքննարկի Միացյալ Նահանգների աջակցությունը խաղաղ գործընթացին եւ կայուն ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն միջոցը:
"Ազատություն" ռադիոկայանը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե արդյոք իրականությանը համապատասխանում է Ստեփանակերտից ստացված այն տեղեկությունը, թե այս շաբաթ արևմտյան միջնորդները կժամանեն Երևան՝ քննարկելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպման հարցերը:
Ամերիկյան միջնորդությամբ այսօր Բրաստիսլավայում նախատեսված, բայց չեղարկված Բաքու-Ստեփանակերտ հանդիպման մասին հարցին դեսպանատնից ուղիղ չեն արձագանքել, միայն նշել են. «Միացյալ Նահանգները հետևողականորեն փաստել է, որ խաղաղության հաստատումը տարածաշրջանում պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը։ Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին»։
Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի նախագահին առընթեր հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանն հաղորդել էր, թե Ադրբեջանը չեղարկել է օգոստոսի 1-ին Բրատիսլավայում Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը։ Արցախի պաշտոնական աղբյուրները ոչ հերքել, ոչ հաստատել էին այս տեղեկությունը։
Լուիս Բոնոն տարածաշրջանում էր նաև մայիսին։ Բաքվում և Երևանում նա քննարկել էր հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր։