
Արմինֆո.Նիդերլանդները լուրջ մտահոգությամբ հետեւում է հումանիտար իրավիճակին, որը վերաբերում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչությանը, եւ լիովին աջակցում է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը: Այդ մասին ասվում է Նիդերլանդների ԱԳՆ թվիթերյան էջում հրապարակված հայտարարությունում:
Բորելի հայտարարությանն աջակցել է նաև Իսպանիան։ "Իսպանիան աջակցում է Լաչինի շրջափակման հետ կապված հումանիտար իրավիճակի մասին Ժոզեպ Բորելի հայտարարությանը ։ Ադրբեջանի իշխանությունները պետք է շատ արագ ապահովեն անվտանգությունն ու ազատ տեղաշարժը միջանցքում և թույլ չտան ճգնաժամի սրացում", - ասվում է ՌԴ-ում Իսպանիայի դեսպանատան թվիթերյան էջում հայերեն հրապարակման մեջ ։
Իրավիճակի մասին խոսել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը: Դիվանագիտական առաքելությունից հայկական ԶԼՄ-ների հարցմանն ի պատասխան հայտարարել են, որ մարդասիրական օգնության դադարեցումն էլ ավելի է խորացնում վատթարացող հումանիտար իրավիճակը և խաթարում խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը:
Դեսպանությունում նաև ընդգծել են, որ ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի շարունակական շրջափակմամբ: "Միջանցքով բաց և ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այս վաղեմի հակամարտության կարգավորման համար: Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ ուժի կիրառմամբ վեճերի լուծումն անթույլատրելի է", - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Արցախի 120 հազար բնակիչներ կանգնած են սովամահության շեմին՝ Ադրբեջանի կազմակերպած պաշարման պատճառով։ Քաղաքակիրթ միջազգային հանրությունը, էներգառեսուրսների հետևից ընկնելով, մոռացել է և մարդու համընդհանուր իրավունքների, և ժողովրդավարության, և, ընդհանրապես, միջազգային իրավունքի մասին՝ արդեն 8 ամիս չնկատելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող ահաբեկչությունը։
Հուլիսի 26-ին Հայաստանը 360 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ, սակայն երեկ գիշերվանից շուրջ 20 բեռնատարներ գտնվում են Կոռնիձորում և սպասում են Քաշաթաղի միջանցքով երթևեկելու թույլտվության: Գործընթացին հետևում են նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները:
Այդ ֆոնին՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Քաշաթաղի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա էսկալացիա:
Ադրբեջանական կողմի հետ ռուս խաղաղապահների բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել, թշնամական կողմը շարունակում է Արցախի հանցավոր շրջափակումը: Ադրբեջանում հայտարարել են, թե արցախցիները թող հույս չունենան, որ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը կգործարկվի, խաղն ավարտված է: Բաքվում հավաստիացրել են, որ Հայաստանը Բրյուսելում համաձայնություն է տվել Ստեփանակերտ - Ակնա (Աղդամ) ճանապարհի գործարկմանը: ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից այդ տեղեկությունը որակել են սուտ։ Հայաստանի ԱԳՆ-ում էլ հաղորդել են, թե մարդասիրական օգնության բեռները կանգնելու են Կոռնիձորում՝ Հայաստանն ու Արցախը կապող միջանցքի մուտքի մոտ, մինչև Ադրբեջանը բացի ճանապարհը։