Արմինֆո Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասով իր միջազգային պարտավորությունները։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման կապակցությամբ, ինչը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին: Ֆրանսիան լիովին աջակցում է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի հուլիսի 26-ի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակի վերաբերյալ:
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես, իրականացնել այն միջանկյալ միջոցները, որոնք Միջազգային դատարանը սահմանել է իր փետրվարի 22-ի որոշման մեջ և որոնք պարտադիր ուժ ունեն:
Ֆրանսիան պահանջում է Լաչինի միջանցքով բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի վերականգնում երկու ուղղություններով, բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում:
ԵՄ-ի հետ միասին Ֆրանսիան շարունակում է լիովին հավատարիմ մնալ տարածաշրջանում կայուն եւ արդար խաղաղությանն աջակցությանը, ինչի մասին հայտարարել Է Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարը ապրիլի վերջին Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցի ժամանակ", - ասվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում