
Արմինֆո.Մեր աչքի առջեւ ծավալվում է Արցախում էթնիկ զտումների Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կանխամտածված արշավը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը։
"Պետդեպարտամենտը և միջազգային հանրությունը պետք է հասկացնեն, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ կիրառեն ։ Սահմանը բացելու անկարողությունն այժմ անիմանալի հումանիտար ճգնաժամ կառաջացնի", - գրել է Փալոնը։
Հիշեցնենք, որ Արցախի 120 հազար բնակիչներ կանգնած են սովամահության շեմին՝ Ադրբեջանի կազմակերպած պաշարման պատճառով։ Քաղաքակիրթ միջազգային հանրությունը, էներգառեսուրսների հետևից ընկնելով, մոռացել է և մարդու համընդհանուր իրավունքների, և ժողովրդավարության, և, ընդհանրապես, միջազգային իրավունքի մասին՝ արդեն 8 ամիս չնկատելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող ահաբեկչությունը։
Հուլիսի 26-ին Հայաստանը 360 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ, սակայն երեկ գիշերվանից շուրջ 20 բեռնատարներ գտնվում են Կոռնիձորում և սպասում են Քաշաթաղի միջանցքով երթևեկելու թույլտվության: Գործընթացին հետևում են նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները:
Այդ ֆոնին՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Քաշաթաղի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա էսկալացիա: "Մենք ի գիտություն ենք ընդունել նաև Աղդամ (Ակնա) քաղաքով ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը։ Դա պետք չէ դիտարկել որպես Քաշաթաղի միջանցքի բացման այլընտրանք։ ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն տուժել է, և կոչ է անում այն ամբողջությամբ վերսկսել, ներառյալ բժշկական տարհանումը և մարդասիրական օգնության առաքումը: ԵՄ-ն ընդգծում է, որ հումանիտար հասանելիությունը չպետք է քաղաքականացվի ոչ մի սուբյեկտի կողմից", - նշել է Բորելը։
Ադրբեջանական կողմի հետ ռուս խաղաղապահների բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել, թշնամական կողմը շարունակում է Արցախի հանցավոր շրջափակումը: Ադրբեջանում հայտարարել են, թե արցախցիները թող հույս չունենան, որ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը կգործարկվի, խաղն ավարտված է: Բաքվում հավաստիացրել են, որ Հայաստանը Բրյուսելում համաձայնություն է տվել Ստեփանակերտ - Ակնա (Աղդամ) ճանապարհի գործարկմանը: ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից այդ տեղեկությունը որակել են սուտ։ Հայաստանի ԱԳՆ-ում էլ հայտարարել են, թե մարդասիրական օգնության բեռները կանգնելու են Կոռնիձորում՝ Հայաստանն ու Արցախը կապող միջանցքի մուտքի մոտ, մինչև Ադրբեջանը բացի ճանապարհը։