Արմինֆո.Ադրբեջանը Հնդկաստանին կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Հայաստանին, պատճառաբանելով, թե, իբր, դա կհանգեցնի Հայաստանի ռազմականացմանը, ինչը կվնասի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին։
Համապատասխան կոչը հնչեցվել է Ադրբեջանի նախագահի օգնական ՝ ԱՀ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի կողմից՝ Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Սրիդհարան Մադհուսուդհանանի հետ հանդիպման ժամանակ:
"Այն շրջանում, երբ Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, Հնդկաստանի կողմից այդ երկրին մահաբեր զենքի մատակարարումը ճանապարհ է բացում Հայաստանի ռազմականացման և իրավիճակի սրման համար, խոչընդոտում է կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Դա չի համապատասխանում Հնդկաստանի արտաքին քաղաքականությանը, որը հիմնված է իր կողմից հայտարարված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ինչպես նաեւ Չմիավորման շարժման պատմական "Բանդունգյան սկզբունքների" վրա, որին միացել է Հնդկաստանը", - ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Հիքմեթ Հաջիևը Հնդկաստանի դեսպանին կոչ է արել պաշտոնական Դելիին տեղյակ պահել ադրբեջանական կողմի լուրջ մտահոգությունների մասին և վերանայել Հայաստան մահաբեր զենք մատակարարելու Հնդկաստանի որոշումը: Ընդ որում, Հաջիեւը, հավանաբար, մոռացել է վերջին տարիներին Ադրբեջանի կողմից Իսրայելի եւ Թուրքիայի հետ կնքված բազմամիլիարդանոց զենքի պայմանագրերի մասին: Սա, հավանաբար, լիովին տեղավորվում է խաղաղ գործընթացի մեջ, քանի որ թույլ է տալիս Ադրբեջանին միակողմանի ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ։
Ավելի վաղ հնդկական ԶԼՄ-ները հաղորդել էին Հայաստանի կողմից Հնդկաստանից սպառազինություն գնելու մասին: Հաղորդվում էր, որ Հայաստանը ավելի քան 250 մլն դոլարի պայմանագիր է ստորագրել Հնդկաստանից սպառազինություն գնելու համար, ներառյալ Հնդկական 214 մմ Պինակա համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և դրանց համար նախատեսված ռեակտիվ արկերը, անանուն հակատանկային հրթիռային համալիրներ և տարբեր զինամթերք: